Չնայած Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում միջդավանական բախումներին` իրավիճակը չի սրվի եւ սիրիական գործընթացի չի վերածվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:
Նրա խոսքով` երկրի հյուսիսում իրավիճակը ներկայումս անհանգիստ է: Չնայած այն բանին, որ սուննիների եւ ալեվիների միջեւ բախումները մշտական բնույթ են կրում, ամեն անգամ հաջողվում է հանգստացենել հակամարտող կողմերին:
Հարցին, թե դրսից ուժերի միջամտության դեպքում Լիբանանում սիրիական հալամարտության կրկնությունը որքանով է հավանական, Կանդահարյանը նշեց, որ ներկայումս գերտերությունները քիչ են հետաքրքրվում Լիբանանով: «Ներկայումս գերտերություններն ավելի շատ կենտրոնացած են Սիրիայի վրա` ելնելով իրենց քաղաքական հետաքրքրություններից»:
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե «Սիրիայի խնդիրը լուծելուց հետո գերտերությունները կզբաղվեն Լիբանանի հարցով», Կանդահարյանը կարծիք հայտնեց, որ դա այդքան շուտ տեղի չի ունենա. «Սիրիական հարցն այդքան արագ լուծվող չէ, քանի որ կա երկկողմ աջակցություն. աշխարահաքաղաքական խաղացողները աջակցում են ինչպես ընդդիմոթյանը, այնպես էլ իշխանությանը»:
Անդրադառնալով նրան, թե ով կարող է դառնալ հերթական թիրախը, Կանդահարյանը կանխատեսեց, որ դա կարող է լինել Թուրքիան, որը երկրի ներսում խնդիր ունի քուրդ ապստամբների հետ: Կանդահարյանի խոսքով, այն հանգամանքը, որ պաշտոնական Անկարան ՄԱԿ-ին կոչ էր արել Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծել, որտեղ հնարավոր կլիներ տեղակայել փախստականների` պատճառաբանելով նրանով, թե Թուրքիան կարող է ընդունել ոչ ավելի, քան հարյուր հազ. փախստականներ, «ոչ այլ ինչ է, քան քրդական գործոնից իրեն պաշտպանելու ցանկություն»: «Սիրիայի հետ սահմանային թուրքական տարծքում մոտ 70 հազ. սիրիական փախստականեր կան` քրդեր, որոնք կարող են միանալ Թուրքիայի եւ Իրաքի քրդերին, եւ այդ դեպքում Թուրքիային լուրջ խնդիր կսպառնա: Եթե նման բան տեղի ունենա, ապա Թուրքիայում իրավիճակը կարող է վատթարանալ ընդհուպ մինչեւ երկրի պառակտում»,-նշեց նա: Հետեւաբար, ըստ Կանդահարյանի, Սիրիայից հետո հաջորդը ոչ թե Լիբանանն է, այլ Թուրքիան:
Նշենք, որ Լիբանանի հյուսիսում բախումների ժամանակ լիբանանցի յոթ զինծառայող է վիրավորվել:




























