Ուկրաինայում ձերբակալված Ադամ Օսմաեւը, ում Ռուսաստանի իրավապահները կասկածում են նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, ուկրաինական իշխանություններից ապաստան է խնդրել: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տեղական ներկայացուցչությունում:

Քանի դեռ Օսմաեւի խնդրանքը չի քննարկվել միգրացիոն ծառայության կողմից, նրան չեն կարող արտաքսել: Նույնիսկ եթե մերժում լինի, նա կարող է հետաձգել արտաքսումը` բողոքարկում ներկայացնելով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Օրեր առաջ Օդեսայի դատարանը վճռել էր ռուսական կողմին հանձնել կասկածյալներին, սակայն Եվրադատարանի միջամտությունից հետո արտաքսման գործողությունը կասեցվել էր: