Սիրիայի զինված ուժերի գեներալ-մայոր, Հալեպի գործողության հրամանատարը խոստացել է Հալեպ քաղաքն ու համանուն նահանգը գրոհայիններից մաքրել 20 օրվա ընթացքում, գրում է The Independent թերթի մեկնաբան Ռոբերտ Ֆիսկը, ով այժմ աշխատում է Սիրիայում:

Գեներալը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, ընդդիմադիրներին առնետ է անվանել եւ հայտարարել, թե նրանց շարքերում կռվում են թուրքեր, չեչեններ, աֆղաններ, լիբիացիներ, սուդանցիներ, նաեւ սիրիացի գանգսթերներ եւ մաքսանենգներ: Նրա խոսքով, գրոհայիններն օգտագործում են միայնակ հարձակումների մարտավարությունը, գրոհում են կառավարական ուժերին եւ արագ փախչում` թաքնվելով կոյուղում:

The Independent-ի մեկնաբանն ընդգծել է, որ Հալեպում բազմաթիվ օտարերկրյա վարձկանների ներկայության փաստը հաստատվում է տեղացիների զրույցներով, որոնք պնդում են, թե իրենց քաղաքը պատերազմի ասպարեզ են դարձրել հենց եկվորները: Թղթակիցն իր աչքով ռուսական եւ խորհրդային զենքից բացի տեսել է իսպանական ատրճանակներ, բելգիական ավտոմատներ, շվեդական պայթուցիկ, նաեւ անհայտ ծագման նռնակներ: ըստ Ֆիսկի քաղաքում հանգիստ է, բայց արվարձաններում մարտեր են ըթնանում, իսկ գրոհայիններն ակտիվորեն օգտագործում են դիպուկահարների:

Նշենք, որ ավելի ավղ Հալեպից հակասական տեղեկություններ էին գալիս, որ մարտեր են ընթանում նաեւ հայկական թաղամասերում, բայց զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան: