Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում աֆրիկյան ժանտախտի վերսկսումը կանխելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:
«Հայաստանում աֆրիկյան ժանտախտին դիմակայելու փորձը կա, մեզանում որերորդ անգամ այն եղել է, ամեն ինչ ձեռնարկել ենք, որպեսզի մեր գյուղացիները, առավել եւս` մեր անտառային գոտում` Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզի բնակիչները տիրապետեն իրավիճակին»,- ասաց նա:
Փոխնարարն ասաց, թե դժվար Հայաստանում աֆրիկյան ժանտախտը վերսկսվի, սակայն եթե հարեւան Վրաստանում արձանագրվի, ապա այն կարող է անցնել մեր երկիր, բայց այսօր նման վտանգ չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարություն է տարածել եւ նշել, որ Կովկասում աֆրիկյան ժանտախտի վերսկսման վտանգ կա, ինչպես դա եղավ Ուկրաինայում: ՄԱԿ-ը նշել է, որ էպիդեմիան կարող է տարածվել Ռուսաստանում եւ Կովկասում, ներառյալ` Հայաստանում եւ Վրաստանում:



























