Թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Ներկայացնում ենք հայտված զրույցից:
Այսօր կայքերում քննարկման առարկա էր դարձել այն, որ Կոնգրեսից ոչ ոք չի մասնակցել Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին, ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքներին:
Ես անձամբ քաղաքում չեմ եղել, Կոնգրեսից այլ մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություն չունեմ և անբարոյականություն եմ համարում, որ թեման շահարկվում է:
Վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սեպտեմբերին հանրահավաք է լինելու, արդեն որոշվա՞ծ է օրը:
Օրը դեռ որոշված չէ, բայց կարող եք չկասկածել, որ այդ տեղեկությունը իրողություն կդառնա:
Ո՞վ է լինելու Հայ ազգային կոնգրեսի նախագահի թեկնածուն, եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոնգրեսը այլ թեկնածուի պաշտպանի:
Կարծում եմ, խնդիրը պետք է այսպես ձեւակերպել` ո՞վ կարող է որպես թեկնածու ամենաուժեղ մարտահրավերը նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, եւ եթե հարցը այդպես ենք դնում, պատասխանն էլ ակնհայտ է` պետք է լինի մարդ, որն ունի ամենահզոր կոնսոլիդացիոն պոտենցիալը, այսինքն, կարող է իր շուրջը իր հեղինակությամբ միավորել առավելագույն չափով քաղաքական ուժերի, լիդերների, պետք է լինի մի մարդ, որը կապահովի այն, որ Հայաստանում շարունակի գործել ընդդիմություն, որն անկաշառ է, անվերահսկելի է, անկառավարելի է իշխանությունների համար: Մենք հիմա ունենք այդպիսի ընդդիմություն. 2007-ին չենք ունեցել, հիմա ունենք, եւ սա ամենամեծ արժեքն է, որը պետք է պաշտպանել, որովհետեւ եթե իշխանություններին հաջողվեց այս համախմբումը մասնատել, ուրեմն` նորից վերադառնալու ենք նույն իրավիճակին, երբ իշխանությունները լիովին վերահսկում են ընդդիմությանը եւ այնպես անում, որ ընդդիմությունը որեւէ մարտահրավեր իշխանության համար չի հանդիսանում: Մեր թեկնածուն պետք է լինի այդպիսի մարդ, որ կարողանա ապահովել ընդդիմության հզորությունը եւ միասնությունը: Եկեք, եթե դեռ չենք գտել նման թեկնածուի, գտնենք:
Կարո՞ղ ենք միանշանակ ասել որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է:
Ինքը պետք է որոշում ընդունի, նա այդ որոշումը կընդունի ըստ երեւույթին սեպտեմբերին, հոկտեմբերին, երբ մանրամասն ուսումնասիրի իր ոեսուրսային հնարավորությունները, քաղաքական դաշնակիցների հնարավորությունները, ստեղծված միջազգային իրավիճակը, ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, եւ կշռադատելուց հետո վերջնական որոշում կընդունի: Իմ կարծիքով, նա այդպես է վարվում, որովհետեւ լուրջ քաղաքական գործիչ է եւ իր խնդիրը ՀՀ շահերից բխող որոշում կայացնելն է: Իմ եւ իմ թիմակիցների խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ մենք կարողանանք ինչքան հնարավոր է` նպաստավոր պայմաններ ստեղծել նրա դրական որոշման կայացման համար:




























