Սեպտեմբերի 10-ին մեկնարկելու է ավանդական դարձած Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը: 6-րդ համերգաշրջանը տեւելու է մինչեւ հոկտեմբերի վերջ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում` ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս ծրագիրը կներառի սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ: Ավանդաբար տեղի կունենան վարպետության դասեր, որոնք բաց եւ հասանելի կլինեն երիտասարդ երաժիշտների համար: Փառատոնը այս տարի կհյուրընկալի Բորոդին քառյակին, Միշել Լեգրանին, Սիմոն Տրպցեսկուն, Անդրեաս Ֆրյոլիխին, ինչպե նաեւ փառատոնի կայուն հյուրեր` Դայշին Կաշիմոտոյին, Դիմուտ Պոպենին եւ միջազգային փայլուն վաստակ ունեցող հայ այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են, օրինակ Վահան Մարտիրոսյանը եւ Սուրեն Բագրատունին:
Երեւանի միջազգային երաժշտական փառատոոնը հիմնվել է 2007 թ.-ին:
Փառատոնը ավանդաբար անց է կացվում վաղ աշնանը` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եւ այդպիսով հանդիսանում է Ֆիլհարմոնիկի համերգաշրջանի տոնական բացում: Փառատոնի շրջանը ներառում է նաեւ ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, ինչպես նաեւ Երեւանի տոնը` նշվող հոկտեմբերի առաջին կիրակի օրը:




























