Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հուսեյն Նակավին անդրադարձել է օգոստոսի 20-ին Թուրքիայի Այնթափ քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունին։

Ինչպես հայտնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի ICANA լրատվամիջոցին, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հուսեյն Նակավին նշել է, թե Անկարան ի դեմս Ալ Քաիդայի Սիրիայում աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։

«Թուրքիայի այս աջակցության հետեւանքով ոչ միայն Սիրայում են անմեղ մարդիկ մահանում, այլ նաեւ Թուրքիան իր անվտանգությունն է վտանգի տակ դնում։ Թուրքիան այս պահի կանգնած է ներքին ճգնաժամի դեմ։ Անկարան Սիրիայի գործերին խառնվելու, այդ երկրի դեմ թշնամական հայտարարություններ անելու փոխարեն թող իր ներքին հարցերը լուծի»,-ասել է իրանցի պատգամավորը՝ շեշտելով, որ Սիրիայում Թուրքիայի միջամտությունը վնասելու է հենց Թուրքիային։

Նշենք, որ օգոստոսի 20-ի երեկոյան Թուրքիայի հարավ-արեւելյան Այնթափ քաղաքի կենտրոնում պայթուցիկով բեռնված մեքենա է պայթել, որի հետեւանքով մահացել է 9, վիրավորվել՝ 69 հոգի։