Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Էրզրումից ընտրված պատգամավոր Մուհյեթին Աքսաքի՝ «բախումների ժամանակ սպանված քուրդ զինյալների համար պետք է օգտագործել «սատկել» արտահայտությունը» կատաղեցրել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորներին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ BDP-ի Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը պատասխանել է Մուհյեթին Աքսաքին՝ օրինակ ցույց տալով օգոստոսի 21-ին ավտովթարի հետեւանքով մահացած եւ վիրավորված թուրք զինվորականներին օգնող Ուլուդերեյի շրջանի քուրդ բնակչությանը։ (2011-ի դեկտեմբերի 28-ին թուրքական օդուժը հարվածներից կոտորվել է Ուլուդերեյում ապրող 34 քուրդ երիտասարդ-խմբ)։
«Տեսար թե ինչպես են քրդերը ցավում վիրավորված եւ մահացած թուրք զինվորականների համար՝ աշխատելով նրանց արագ օգնություն տրամադրել։ Նայիր, լսիր եւ ամաչիր։ Մարդկության եւ իսլամի մեջ որտե՞ղ կա մահացածներին հանդեպ նման վիրավորանք։ Նման անհարգանքը բառիս բուն իմաստով ռասիզմ եւ ֆաշիզմ է։ Այսուհետ քրդերին եղբայր չանվանես։ Քրդերը քո պես եղբոր կարիքը չունեն»,-ասել է Սըրրը Սաքըքը։
Նշենք, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Էրզրումից ընտրված պատգամավոր Մուհյեթին Աքսաքը հայտարարել էր, թե թուրքական անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով սպանված քուրդ զինյալների համար պետք է օգտագործել «սատկել է» արտահայտությունը։




























