Օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացի Ա. Գասպարյանից ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում եղել են վերջինիս հարազատները: Քաղաքացին ցանկանում էր տեղեկություն ստանալ իր հարազատների մասին, եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվում ավտոմեքենայի վարորդի հետ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին «Օպել» մակնիշի 25 ՏՕ 038 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել:

Պատահարի հետեւանքով ուղեւորներ 31-ամյա Լիլյա եւ 8-ամյա Մարի Մովսիսյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել են, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար:

Վրաստանի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս Անահիտ Բարսեղյանը  հաղորդեց, որ Մարի Մովսիսյանը գտնվում է Թբիլիսիի Իաշվիլու անվան մանկական հիվանդանոցում, Լիլյա Մովսիսյանը` Քութայիսի քաղաքի հիվանդանոցում:

Օգոստոսի 21-ի երեկոյան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Վրաստանի տարածքում տուժած մեր հայրենակիցներին Երեւան տեղափոխելու համար օգնություն է անհրաժեշտ: 

Օգոստոսի 22-ին, ժամը 04.45-ին տուժածներին Երեւան տեղափոխելու նպատակով Վրաստանի Հանրապետություն է մեկնել ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետ փոխգնդապետ Կ. Աթոյանի ղեկավարած խումբը` ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով:

Ժամը 10.30-ին Աթոյանը Թբիլիսիից տեղեկացրեց, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, որոշել են երեխայի տեղափոխումն ավելի ուշ իրականացնել:

ԱԻՆ շտապօգնության ավտոմեքենան արդեն մեկնել է Քութայիսի, եւ այսօր Լիլյա Մովսիսյանը կտեղափոխվի Երեւան: