Ճապոնիայում Հայաստանի նոր դեսպանի առաքելությունը երկկողմ մշակութային փոխանակմանը հետագա աջակցությունն է: Այս մասին ասել է հուլիսին դեսպանի պաշտոնն ստանձնած Հրանտ Պողոսյանը, գրում է ճապոնական «The Japan Times» պարբերականը:
Քաղաքավարական այց կատարելով «The Japan Times», Պողոսյանը, ով 21 տարի ինֆորմատիկա եւ մաթեմատիկա է դասավանդել Տոկիոյի միջազգային քրիստոնեական համալսարնում, ընդգծել է մշակութային եւ կրթական փոխանակման ծրագրերի կարեւորությունը, հատկապես` երիտասարդության շրջանում:
Դեսպանը նշել է, որ թեեւ վերջին տարիներին Հայաստանը Ճապոնիայից ավելի շատ զբոսաշրջիկների է ներգրավում, սակայն Հարավային Կովկասի այդ լեռնային երկիրը «դեռեւս լայնորեն հայտնի չէ Ճապոնիայում»
Նշելով, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հուլիսին առաջին անգամ հյուրախաղերով հանդես եկավ Ճապոնիայում` կատարելով հայ ժողովրդական եւ հոգեւոր երգեր, Պողոսյանն ասել է, որ Հայաստանն ու Ճապոնիան ընդհանրություն ունեն. «Երկու երկրներն էլ փորձում են պահպանել իրենց բացառիկ ավանդական մշակույթը` կառուցելով ժամանակակից հասարակություն»:




























