Երեւան-Իջեւան ավտոճանապարհին օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում վթարի հետեւանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սեւակ Բաղդասարյանի եւ 29-ամյա Մարինե Բադալյանի երեխաները` 9-ամյա Մհեր եւ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից:

Ավելին` Մհերը այսօր կտեղափոխվի պալատ, իսկ Արծրունին վերակենդանացման բաժանմունքից առաջիկա օրերին կտեղափոխեն պալատ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում վթարի հետեւանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սեւակ Բաղդասարյանի եւ 29-ամյա Մարինե Բադալյանի երեխաների կյանքին եւս վտանգ է սպառնում, քանի որ երեխաները ծանր վնասվածքներ են ստացել: «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք էին, որ երեխաների վիճակը շարունակում է ծանր մնալ: 9-ամյա Մհեր Բաղդասարյանը ստացել էր գանգի ոսկրի կոտրվածք եւ վիրահատվել էր: Իսկ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը ստացել էր գլխուղեղի արյունազեղում, ինչպես նաեւ ձեռքի, ոտքի եւ ստորին ծնոտի կոտրվածք: Սակայն հատկապես ծանր էր փոքրիկի վիճակը: