«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ երբեք ընդդիմադիր թեկնածուի չի աջակցի: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության  քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

«Դեռեւս պարզ չէ 2013 թ.-ի նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» իր թեկնածուն կառաջադրի, թե ոչ: Նրա հետագա քայլերը կապված է այն բանի հետ, թե ինչ արդյունքներ կարձանագրվի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ: Եթե արդյունքները տպավորիչ լինեն, ապա «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի նախագահական ընտրություններին: Իսկ եթե ոչ, ապա «Բարգավաճ Հայաստանի» եւ «Հանրապետական կուսակցության» միջեւ մրցակցության հարցը կփակվի եւ  խոսք կգնա միայն երկրի ընդդիմության եւ իշխանության պայքարի մասին»,-ասել է Սաֆարյանը, ավելացնելով, որ նման իրավիճակում երկրի ընդդիմությունը շատ արագ կմիավորվի` չնայած այն հանգամանքին, որ այժմ այն անկազմակերպ վիճակում է:

Սաֆարյանի կարծիքով խնդիր կա «Բարգավաճ Հայաստանի եւ Հայ Ազգային Կոնգրեսի համագործակցության մեջ, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ընդդիմադիր դաշտի միավորման համար: Նա պարզաբանել է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող, համենայն դեպս բացահայտ կերպով,  աջակցել նախագահի ընդդիմադիր թեկնածուին. «Եթե «Բարգավաճ Հայաստանը» կարողանար անել դա բացահայտ կերպով, ապա իրեն ընդդիմադիր կհռչակեր: Պատահական չէ, որ նա իրեն այլընտրանքային է անվանում, այլ ոչ ընդդիմադիր»: