Նախաքննական մարմինը մերժել է Ռուբեն Հայրապետյանին «Հարսնաքար»-ի գործով որպես կասկածյալ ներգրավելու եւ նրա հեռախոսազանգերը վերծանելու մասին Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների միջնորդությունները:

Փաստաբաններից Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ միջնորդություններով իրենք վերհանել էին նախաքննական մարմնի «բազմաթիվ եւ էական բացթողումները», որոնք ակնհայտ են դարձնում, որ «անգամ տարրական ջանքի չի գործադրվել» բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու համար:

Եգորյանի փոխանցմամբ, օրինակ, գործով անցնող մեղադրյալների «Վիվասել»-ի բջջային հեռախոսահամարների վերծանումները կան, իսկ «ԱրմենՏել»-ինը` ոչ: Մինչդեռ մեղադրյալների միջեւ «ԱրմենՏել»-ի հեռախոսահամարներով զանգեր կան: Փաստաբանի համոզմամբ` նախաքննական մարմինը պարտավոր էր այդ վերծանումները պահանջել, բայց անհասկանալի պատճառներով չի արել:

Ավելին, ըստ փաստաբանի, մեղադրյալներից մեկը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի հոր անունով գրանցված քաղաքային հեռախոսահամարին, բայց այդ կապակցությամբ էլ քննիչը որեւէ հարցաքննություն չի կատարել:

«Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս: Տարրական հարցադրումներ չի ուղղել վկաներին եւ մեղադրյալներին, այդ թվում նաեւ Ռուբեն Հայրապետյանին», - ասաց Եգորյանը:

Այս ամենը, ինչպես նաեւ իրենց միջնորդությունները մի քանի ժամում մերժելը, ըստ փաստաբանի, ակնհայտ է դարձնում, որ նախաքննություն իրականացնող մարմինը փորձում է ուղղակի ազատվել այս գործից:

Նշենք նաեւ, որ Գլխավոր դատախազությունն ու Արդարադատության նախարարությունը պատասխանել են մի քանի ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին: ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Արամ Մանուկյանը (ՀԱԿ) եւ Ռուբեն Հակոբյանը («ժառանգություն») գործի կապակցությամբ մի շարք հարցեր էին ուղղել պետական մարմիններին` փորձելով պարզել նաեւ, թե Վահե Ավետյանի մահվան գործում պատասխանատվության ինչ բաժին ունի պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարած Ռուբեն Հայրապետյանը:

Ըստ ստացված պատասխանի` Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու հրահանգ որեւէ մեկի կողմից չի տրվել: