ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կասկածել է Ուսամա բեն Լադենին որսալու համար հատուկ գործողություններ անցկացնելու նպատակահարմարությանը։ Նրան իրական գործողությունների է հորդորել Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը։ «Вести.Ру»-ի հաղորդմամբ, այսպիսի տեղեկություն է պարունակում օրերս ԱՄՆ-ում վաճառքի հանված «Երկրորդական դերում. անինքնավստահ նախագահն ու նրա խորհրդականները, ովքեր նրա փոխարեն որոշումներ են կայացնում» գրքում։ Փաստագրական գրքի հեղինակն է լրագրող Ռիչարդ Մինիթերը, ով վերոնշյալ իրադարձության աղբյուրը չի բացահայտել, սակայն նշել է, որ նա ԱՄՆ զինված ուժերի ղեկավարությունից է։

Հեղինակի պնդմամբ՝ Օբաման մտահոգված է եղել, որ Պակիստանի Աբոտաբադ քաղաքում ծրագրվող ԱՄՆ ռազմածովային ուժերը կտապալեն գործողությունը, եւ հանրության մեղադրանքը կուղղվի դեպի իրեն։  Ըստ հեղինակի՝ Օբաման երեք անգամ հետաձգել է բեն Լադենի դեմ ծրագրվող գործողությունը՝ 2011 թ. հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին։

Սակայն Հիլլարի Քլինթոնը շատ լավ գիտակցել է բեն Լադենի ոչնչացման անհրաժեշտությունը, եւ Օբամայի հետ հանդիպումներում միշտ պնդել է ռազմական գործողության անհրաժեշտությունը։ «Նա գիտեր, որ իր ամուսինը քաղաքական բարձր գին վճարեց այն բանի համար, որ չէր կարողացել կանգնեցնել բեն Լադենին մինչեւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Քլինթոնը վստահ էր, որ եթե Օբաման չօգտագործի համար առաջին ահաբեկչին ոչնչացնելու հնարավորությունը, ապա այն բացասաբար կազդի նրա նախագահական լիազորությունների ժամկետի վրա»,- նշված է գրքում։