Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի hրամանով 2012 թվականի օգոստոսի 22-ից «Նուբարաշեն» եւ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակիցներ, ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու հետեւանքով, ազատվել են աշխատանքից:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վահագն Վարդանի Գրիգորյանը աշխատանքից ազատվել է դատապարտյալին փոխանցելու նպատակով ծառայության ներկայանալիս իր հետ բջջային հեռախոս քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի անցկացնելու փորձ կատարելու համար:

Նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Արման Աշոտի Արտաշեսյանը եւս նման փորձ է արել, ինչպես նաեւ խախտել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջները՝ կատարելով վճարովի այլ աշխատանք:

Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Սայադ Ավագի Ավագյանը աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, իրեն տրամադրված ամենամյա արձակուրդի ավարտից հետո անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու համար:

Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 2-րդ մասը, 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունն ու ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը: