ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ Չմիավորման շարժման մասնակիցները Թեհրանում ճնշում կգործադրեն Իրանի իշխանությունների վրա:
«Մենք հույս ունենք, որ նրանք, ովքեր որոշել են մասնակցել գագաթնաժողովին, այդ թվում ՄԱԿ-ի գլախվոր քարտուղար Բան Կի Մունը, խստորեն կոչ կանեն իրանցիներին, որ նրանցից սպասում են միջազգային պարտականությունների կատարում»,-ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», 100 երկրների պատվիրակություններ կմասնակցեն Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին: Ընդ որում 30 երկրներ կներկայանան նախագահի եւ փոխնախագահի կամ էլ վարչապետի մակարդակով:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հանդիպումն անվանել է «Իրանի պատմության մեջ ամենամեծ քաղաքական գագաթնաժողովը»:
Չմիավորման շաժումն իր մեջ ներառում է 120 երկիր, ինչպես նաեւ մի քանի տասնյակ դիտորդ երկրներ` այդ թվում Հարավային Կորեային: Չմիավորման շարժման գագաթնաժողովը տեղի կունենա Իրանում օգոստոսի 26-31-ը:




























