Curiosity մարսագնացը օգոստոսի 22-ին հաջողությամբ անցել է առաջին թեսթ-դրայվը` Մարսի մակերեւույթի վրա շարժվելով մի քանի մետր:
«Առաջին ուղերթը կատարված է, ես գնացել եմ այսպես` 3 մետր առաջ, ապա 90 աստիճան պտույտ, իսկ հետո ետ եմ շարժվել», հաղորդվում է Twitter-ում` ծրագրի պաշտոնական միկրոբլոգում:
Բացի այդ, Curiosity –ի հետքերի լուսանկարները նույնպես հայտնվել են ինտերնետում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նույն օրը NASA գործակալության մասնագետները ասուլիսի ժամանակ հայտնել են, որ Curiosity –ի վայրէջքի վայրը անվանել են վերջերս վախճանված ամերիկյան գրող-ֆանտաստ, «Մարսի տարեգրություններ»-ի հեղինակ Ռեյ Բրեդբերիի անվամբ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր հռչակավոր գրողի 92-րդ տարելիցն է: Նա մեծ ներդրում ունի տիեզերքի ուսումնասիրման մեր ձգտման մեջ եւ առաջինն է առաջ քաշել Մարսում կյանքի առկայության հնարավորությունը: Այսօրվանից Curiosity-ի վայրէջքի վայրը կկոչվի Ռեյ Բրեդբերիի անվամբ»,-հայտնել է MSL ծրագրի տնօրեն Մայքլ Մայերը:





























