Իսպանացի թոշակառուն որոշել է անձամբ զբաղվել Սարագոսայի եկեղեցու որմնանկարի վերականգնմամբ: Նրա աշխատանքի արդյունքը շատերին սարսափեցրել է:
Էլիաս Գարսիա Մարտինեսի որմնանկարը, որի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը, վերջին 18 ամիսների ընթացքում վնասվել է, որոշ տեղերում ներկը թափվել է: 80-ամյա տեղացի թոշակառու մի կին եկեղեցի է բերել ներկ եւ վրձին եւ որոշել է ամեն ինչ վերականգնել` նկարելով ջնջված հատվածները: Նա ոչ մեկի հետ չի խորհրդակցել, ինչի արդյունքում որմնանկարի վրա հայտնվել է «Կապիկների մոլորակ» ֆիլմի կերպարին նմանությամբ պատկեր, գրում է «Ուտրո.ru»-ն` վկայակոչելով Daily Mail-ին:
Հետաքրքիրն այն է, որ վերջերս Մարտինեսի թոռնուհին հատուկ գումար է փոխանցել եկեղեցու հաշվին` որմնանկարի մասնագիտացված վերականգնման համար:
Շուտով որմնանկարի վիճակը կգնահատվի մասնագետների կողմից, որպեսզի որոշվի, հնարավոր է արդյոք այն վերականգնել, թե ոչ: Եթե Մարտինեսի աշխատանքը փրկել չհաջողվի, ապա եկեղեցին բնօրինակը կփոխարինի պատճենով:




























