Օգոստոսի 23-ին, ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահարի հետեւանքով տուժած Լիլյա Մովսիսյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Քութայիսի քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում եղել են ՀՀ քաղաքացիներ: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվում ավտոմեքենայի վարորդի հետ:
Պարզվում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին «Օպել» մակնիշի 25 ՏՕ 038 պ/հ ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել:
Պատահարի հետեւանքով ուղեւորներ 31-ամյա Լիլյա եւ 8-ամյա Մարի Մովսիսյանները ստացել էին տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ էր հաստատվել նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել էին, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար:
Վրաստանի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս Անահիտ Բարսեղյանը հաղորդել էր, որ 2004 թ. ծնված Մարի Մովսիսյանը գտնվում է Թբիլիսիի Իաշվիլու անվան մանկական հիվանդանոցում, 1981 թ. ծնված Լիլյա Մովսիսյանը` Քութայիսի քաղաքի հիվանդանոցում:
Օգոստոսի 21-ի երեկոյան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Վրաստանի տարածքում տուժած մեր հայրենակիցներին Երեւան տեղափոխելու համար օգնություն է անհրաժեշտ:
Օգոստոսի 22-ին, ժամը 04.45-ին տուժածներին Երեւան տեղափոխելու նպատակով Վրաստանի Հանրապետություն էր մեկնել ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կ. Աթոյանի ղեկավարած խումբը` ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով:
Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, որոշվել է երեխայի տեղափոխումն ավելի ուշ իրականացնել:




























