Եգիպտոսում հայ տուրիստները այնտեղի ՀՀ դեսպանության միջնորդությամբ տեղավորվել են հյուրանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Եգիպտական կողմը այսպիսով ընդառաջ է գնացել, մինչեւ հայկական տուրիստական կազմակերպությունը վճարի պարտքը»,- հայտնեցին ԱԳՆ-ից:
Նշենք, որ Շարմ էլ Շեյխից «Առավոտին» ահազանգել էր հայ տուրիստների մի խումբ, որը Եգիպտոսի 5-աստղանի հյուրանոցում անմոռանալի nւ հեքիաթային հանգիստ անցկացնելու փոխարեն հայտնվել է փողոցում, նրանց սպառնում է ընդհուպ մինչեւ ձերբակալություն: Տուրիստները, Հայաստանում նախօրոք կատարելով բոլոր վճարումները, Եգիպտոս են գնացել Happy Voyage տուրիստական գործակալության միջոցով ու Շարմ էլ Շեյխում ընկել իսկական արկածների գիրկը: Տուրիստական փաթեթում նշված Sunrise Grand Select Arabian beach resort հյուրանոցում առաջին օրը հայ տուրիստներին սիրալիր ընդունել են, տեղավորել, բայց հետո, հասկանալով, որ տուրիստական գործակալությունը ոչ մի գումար իրենց չի փոխանցել, նրանց զգուշացրել են, որ պետք է վճարեն: «Առավոտի» փոխանցմամբ` զբոսաշրջիկները հայտնվել են խուճապի մեջ, փորձել կապվել տուրգործակալության հետ, բայց նրանք, տուրիստների պատմելով` բացի խոստումներից, որեւէ քայլ չեն ձեռնարկել. «Սկզբում խոստացան, որ ամենաուշը շաբաթ օրը բոլոր փոխանցումները կկատարեն, սակայն մինչ օրս հյուրանոցին ոչ մի կոպեկ չեն փոխանցել»: Հյուրանոցի աշխատակիցները հայերին անընդհատ աչքի առաջ են պահել` թույլ չտալով, որ նավ նստեն, տարածքից մի փոքր հեռանան` վախենալով, որ, այսպես ասած, «կթռնեն» ու հյուրանոցի ծախսերը կթողնեն իրենց վրա:
«Ընդ որում, տուրիստներից ոմանք Եգիպտոս են մեկնել մեղրամիսն անցկացնելու, շատերը` ընտանիքներով, փոքր երեխաներով ու, մեղմ ասած` հայտնվել փողոցում: Մի քանի ինտենսիվ գգուշացումներից հետո հյուրանոցի անձնակազմն այլեւս սկսել է չսպասարկել հայերին, իսկ երեկ առավոտյան արդեն մենեջերը հորդորել է` դիմեք դեսպանատուն, մենք police ենք կանչելու, մինչեւ մեր գումարը չվճարեք, չեք գնա: Իսկ հյուրանոցի ծախս ասվածը բավականին խոշոր գումար է: Առանց փաթեթի 4 օրվա համար յուրաքանչյուր տուրիստից պահանջում են 2.600 դոլար` միայն գիշերելու համար»,- գրել էր թերթը:


























