ԵԱՀԿ-ն պաշտոնապես սկսել է դիտորդական առաքելություն իրականացնել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, որը նշանակված է հոկտեմբերի 1-ին:
ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար է հանդիսանում դիվանագետ Նիկոլայ Վուլչանովը, ով Վրաստանում արդեն ղեկավարել է նմանատիպ առաքելություն` 1999 թ.-ի խորհրդարանական ընտրություններում եւ 2000 թ-ի նախագահական ընտրություններում, հայտնում է Civil.ge կայքը:
Թիֆլիսում արդեն գտնվող առաքելության 15 փորձագետներին հաջորդ շաբաթ կմիանան երկարաժամկետ դիտորդների 28 անդամ, ովքեր կաշխատեն երկրի ողջ տարածքում: Ընտրություններից երեք-չորս օր առաջ առաքելությանը կմիանան նաեւ 350 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր հենց ընտրությունների օրը եւ ձայների հաշվարկի ժամանակ քվեարկության մոնիտորինգ կանցկացնեն:
Ընտրության հաջորդ օրը միջազգային դիտորդական առաքելությունը համատեղ հայտարարությամբ հանդես կգա` ընտրության նախնական տվյալների եւ հետեւությունների մասին: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի ընտրություններից երկու ամիս անց:




























