Հայաստանում մթերվել է 170 հազար տոննա կամ 70 տոկոս հացահատիկային բերք: Այսօր` օգոստոսի 23-ին լրագրողներին հայտնել է Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Ավելի վաղ նախարարը հայտնել է, որ այս տարի սպասվում է 253 հազար տոննա բերք, ինչը 10-11 հազար տոննայով ավելին է 2011 թ.-ի բերքից:
Տեղական բերքը 37-40 տոկոսով ապահովում է երկրի ցորենի պահանջը: Նշենք, որ բարձր բերք է հնարավոր եղել ապահովել անգամ այն ժամանակ, երբ 2011 թ.-ի աշնանը ձմեռային սերմնացանի ժամանակ հացահատիկային ցանքատարածությունը գտնվում էր 77 հազար հա-ի մակարդակին եւ նախորդ երեք տարիների ընթացքում կրճատվել է: 2012 թ-ին ցանքատարածությունը պետք է կազմի 91 հազար հա:
Բերքահավաքը սկսվել է ինչպես Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում, այնպես էլ բարձրադիր Սիսիանի տարածքում: Ինչպես NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Արմիկ Բակունցը, անցյալ տարիների համեմատ բերքի այս տարվա ծավալը ակնհայտորեն բարձրացել է:



























