Հալեպի Ալ-Անսարի թաղամասում ոչնչացվել են ահաբեկչական խմբավորումների համակարգման կենտրոնը, մի քանի տասնյակ գրոհայիններ եւ նրանց առաջնորդներին, փոխանցում է սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական  գործակալությունը` հայտնելով քաղաքի մի շարք շրջաններում նոր բախումների մասին:

Քաղաքի տարբեր թաղամասերում Զինված ուժերի կողմից ոչնչացվել են վարձկանների, ահաբեկիչների խմբեր, ոչնչացվել են զինապահեստներ:

Սեյֆ Ադ-Դոուլ թաղամասում կանացի հագուստներ հագած տասնյակ ահաբեկիչներ ոչնչացվել են այն ժամանակ, երբ փորձել են լքել թաղամասը` կոյուղաջրերի թունելների միջոցով: Հալեպի մերձակայքում ստորաբաժինների` Ադան շրջանում իրականացրած հաջող գործողությունների շնորհիվ ոչնչացվել են գրոհայիններին զենք մատակարարող տասնյակ կետրոններ եւ ձերբակալվել են տասնյակ ահաբեկիչներ: 

Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերով ցուցադրվել է, թե ինչպես են գրոհայիններից ազատագրված թաղամասերի բնակիչները  փողոցում եւ պատշգամբներից ողջունում զինվորականներին: Ցուցադրվում է նաեւ կրկին աշխատող հացի փուռը, որտեղ Հալեպի  ազատագրված թաղամասերի բնակիչները երջանիկ դեմքով հերթ են կանգնել արաբական հաց եւ հայկական լավաշ գնելու համար:

«Դամասկոս» պետական միջազային ռոդիոկայանը հաղորդում է, որ աշխատանքներ է սկսվել Հալեպի համալսարանի Բնագիտության ֆակուլտետի շենքի մասնակի ավերածությունը վերականգնելու ուղղությամբ: