Գլենդելից 29-ամյա Ալեն Սողոմոնյանը, ով ձերբակալվել էր Լոս Անջելեսի օդանավակայանում Հայաստանից վերադառանալիս, իրեն մեղավոր չի ճանաչել: Նա մեղադրվում է  գողության եւ  թմրանյութեր պահելու մեջ, հաղորդում է  «Glendale News-Press»-ը:

Սողոմոնյանը ձերբակալվել է ԱՄՆ դաշնային մարշալների ծառայության աշխատակիցների կողմից: Լոս Անջելեսի շրջանային դատախազությունը նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել եւ նրան ձերբակալելու թույլտվություն էր տվել 2009թ. հոկտեմբերին: Այդ ժամանակ ականատեսները ոստիկանությանը պատմել էին, որ Սողոմոնյանը մեքենան քաոսային կերպով է վարել:

Որոշ ժամանակ անց ոստիկանները նրա մեքենան գտել են կայանատեղիում` վնասված վիճակում: Երբ նրանք հարցրել են` արդյոք մեքենայում կասկածելի որեւէ բան կա, Սղոմոնյանը բացասական պատասխան է տվել եւ փախչել: Նրան, սակայն, հետապնդել եւ ձերբակալել են, իսկ մեքենայում հերոին, ինչպես նաեւ ուրիշի նույնականացման  եւ սոցիալական ապահովագրության քարտեր, երկու ուրիշ անձանց պատկանող բանկային եւ կրեդիտային քարտեր են գտել:

Սողոմոնյանը 2003թ-ին դատապարտված է եղել սպառնալիքի եւ առեւանգման համար: