Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության ներկայացուցիչը հանդիպել է Փասադենա քաղաքի պաշտոնյաների հետ` նպատակ ունենալով խոչընդոտել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը, գրում է «Asbarez»-ը:
Այս կապակցությամբ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի Փասադենայի բաժանմունքը հայտարարություն է տարածել` դատապարտելով Թուրքիայի կողմից քաղաքի կառավարմանը միջամտելու փորձերը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է .
«Փասադենայի քաղաքապետարանում քաղաքի կառավարման հարցերով տնօրենի եւ Լոս Անջելեսում Թուրքիայի փոխհյուպատոս Արիֆ Չելիկի հանդիպումը քաղաքական դրդապատճառ ուներ. վերջինս հայտարարել է, թե իր կառավարությունը Հայոց ցեղասպանության հարցերի վերաբերյալ «տարակարծություններ ունի»:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի Փասադենայի մասնաճյուղը չի կարող չարձագանքել նման հայտարարությանը. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ այն չի կարելի դարձնել քննարկման առարկա: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը ու չմիջամտի ամերիկյան քաղաքականությանը ամերիկյան քաղաքներում եւ ԱՄՆ քաղաքացիների առաջարկած նախագծերին:
Այդ հանդիպումը դիտարկվում է որպես մեր տեղական ամերիկյան համայնքների գործերին միջամտելու փորձ: Ժառանգության եւ նախնիների հիշատակի պահպանումը, որոնք ցեղասպանության զոհ են դարձել, օտարերկրյա պետությունների քաղաքական դիրքորոշման առարկա չեն կարող լինել»:




























