Տաջիկստանի իշխանությունները կարողացել են համաձայնության գալ բողոքի ակցիա կազմակերպած Խորոգա քաղաքի բնակիչների հետ։ Իշխանությունը համաձայնել է քաղաքից դուրս բերել զինված ուժերի միավորումները, իսկ բնակիչները խոստացել են դադարացնել բողոքի ակցիաները։ Տաջիկական «Օզադի ռադիոյի» փոխանցմամբ՝ համաձայնությունը ձեռք է բերվել Ոստիկանության, Պաշտպանության նախարարության եւ ցուցարարների ներկայացուցիչների հանդիպմանը։

Նշենք, որ Խորոգայում բողոքի ակցիաները սկսվել էին օգոստոսի 22-ին։ Պատճառ է հանդիսացել Լեռնային Բադախշինի ինքնավար շրջանի դաշտային հրամանատար, եւ  փաստացի առաջնորդ համարվող Իմոմնազար Իմոմնազարովի սպանությունը։ Իմոմնազաարովին սպանել են նրա սեփական բնակարանում։ Տեղացիները սպանության կազմակերպման մեջ մեղադրում են ուժային պետական մարմիններին, սակայն իշխանությունները հերքում են մեղադրանքը։

Սպանության լուրը տարածվելուց հետո, քաղաքի բնակիչները հանրահավաք են կազմակերպել հրապարակում, նույնիսկ այնտեղ են բերել սպանվածի դին։ Այսօր՝ օգոստոսի 23-ին հրապարակում եւս ակցիաներ են անցկացվել։ Ցուցարարները պահանջում են շրջանի ղեկավարության հրաժարականը։