Սանկտ-Պետերբուրգի մոսկովյան շրջանային դատարանը կասեցրել է երգչուհի Մադոննայի դեմ 333 մլն ռուբլու հայցի լսումը, քանի որ հայտնի չէ Մադոննայի ճշգրիտ հասցեն։ Ինչպես տեղեկացնում է РБК-ն, այս մասին հայտնել է Մադոննայի դեմ հայցվորների փաստաբան Ալեքսանդր Պոչուեւը։ Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուց հետո, դատարանը կվերսկսի հայցի լսումը։ 

Հիշեցնենք, որ պետերբուրգցիները Մադոննայի դեմ օգոստոսի 17-ին հայց են ներկայացրել՝ մեղադրելով նրան անչափահասների շրջանում հոմոսեքսուալիզմի քարոզման մեջ։ Հայցվորները դատարանից պահանջում են Մադոննայնից 333 մլն ռուբլի բռնագանձել, հոմոսեքսուալիզմի քարոզն արգելող նահանգային օրենքը խախտելու համար։

Հայցվորների թվում են՝ Ռուսաստանի քաղաքացիների արհմիությունը, «Նոր մեծ Ռուսաստան» կուսակցությունը, «Ազգային տաճար» շարժումը եւ այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվիստներ։

Նշենք, որ Մադոննայի սանկտ-պետերբուրգյան համերգը կայացել է օգոստոսի 9-ին, որի ընթացքում երգչուհին սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին կոչ է արել պայքարել իրենց իրավունքների համար։ Հանդիսատեսի շրջանում մեծ թիվ են կազմել նաեւ անչափահասները։

Համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ հակընդդեմ հայց են նախապատրաստում, քանի որ համերգի ընթացքում կատարված նկարահանումը, ինչի հիման վրա էլ պետերբուրգցիները հայց են ներկայացրել, իրականացվել է անօրինական։