Ռուսաստանից շաքարի արտահանումը հարեւան երկրներ ավելի շատ կապ ունի գնային տարբերությամբ, քան իրական արտադրության հետ: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Շաքարի միջազգային կազմակերպության (International Sugar Organization) ավագ տնտեսագետ Սերգեյ Գուդոշնիկովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի շաքար արտադրողների միության տվյալներով օգոստոսի առաջին շաբաթում արտադրվել է 23,5 հազար տոննա շաքար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկու անգամ ավելի է (13 հազար տոննա):
Չնայած գրանցված ցուցանիշին, Գուդոշնիկովը նշեց, որ ամբողջ սեզոնի կտրվածքով Ռուսաստանում ճակընդեղի շաքարի արտադրության նշանակալի ավելացում չի ակնկալվում: «Ամեն դեպքում Ռուսաստանը նետտո-ներկրող է մնում, եւ ինչպես ես եմ պատկերացնում, այստեղից հարեւան երկրներ արտահանումն ավելի շատ կապված է գնային տարբերություններից, քան սեփական արտադրության ծավալներից»,- ասաց Գուդոշնիկովը:
Նշենք, որ Ռուսաստանի ապրանքահումքային բորսայում (РТС) հումքային շաքարի մեկ տոննան 10 դոլարով ավելի թանկ է վաճառվում, քան Չիկագոյի CME եւ նյույորքյան ICE բորսաներում, որտեղ շաքարն արժի $450 եւ $440 համապատասխանաբար:
Հիշեցնենք, որ Հայաստանը շաքար ներկրում է հիմնականում Բրազիլիայից: 2011թ. այն կազմել է 96 տոկոս: Հայաստանի շաքարի տարեկան պահանջարկը կազմում է 90 հազար տոննա:



























