Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը ՀՀԿ ներկայացուցիչներին տալու մասին Հայ ազգային կոնգրեսը որոշում չի կայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` հերքելով մամուլում հրապարակված նման տեղեկությունները:
Ինչ վերաբերում է Կապանում քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանի կողմից հանրապետական թեկնածուի օգտին քվեարկելու կոչին, ապա նա նշեց, որ պետք է նախեւառաջ ճշտեն` ինչ մղումներով է ՀԱԿ ներկայացուցղիչը նման հայտարարություն արել, եւ արել է, թե ոչ: Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ սա հերթական ինտրիգն է:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո որոշվեց, որ ՀՀԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում պաշտպանելու է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ Աբովյանում թեկնածու չի առաջադրելու (Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է -NEWS.am), արդյոք ՀՀԿ-ԲՀԿ նման համագործակցությունը տեղավորվում է ՀԱԿ-ի հայտարարած` «ԲՀԿ իշխանություն չէ» տրամաբանության մեջ: «ՀԱԿ-ը դե ֆակտո երբեք չի ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, մենք խոսել ենք ընդամենը այն մասին, որ եթե քաղաքական ուժը իշխանության մաս չի կազմում, կառավարության մեջ չի մտնում, նա համարվում է ընդդիմադիր, դրանք տարբեր բաներ են: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ որոշակի համագործակցության, ես ոչինչ չեմ բացառում, միգուցե ինչ-որ տեղ շահերը համընկնում են կամ ինչ-որ թեկնածուներ կան , որ երկուսի համար էլ ընդունելի տարբերակ են, ես դա չեմ բացառում»,-պատասխանեց նա:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով` իրենք չեն փորձում տեղավորվել ինչ-որ քաղաքական ուժի տրամաբանության մեջ, «մենք վերցրել ենք մեր ճանապարհը, մեր ճանապարհով գնում ննք եւ եթե այդ ճանապարհում կունենանք համախոհներ, որոնք նույն շահերով կփորձեն առաջնորդվել եւ ընդառաջ կգնան ՀԱԿ ծրագրերին, կարող ենք համագործակցել` բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, որոնք մեզ համար ռեալ իշխանություն են եւ մեղավոր են մեր երկրում տեղի ունեցող յուրաքնաչյուր պրոցեսի մեջ, որը մեր ժողովրդի կյանքը անտանելի է դարձրել երկրում»:
Նշենք, որ «Ժողովուրդն» այսօր գրել է, թե Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին:Ք քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին:
Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետի եւս երկու թեկնածու կա. ՀՅԴ գործող քաղաքապետ Արթուր Աթայանն ու անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, օրերս ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու:




























