Ռուսաստանում ապրել եւ աշխատել ցանկացող ներգաղթյալները, 2013 թ.-ից պարտավոր կլինեն ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնել: Այս մասին ասվում է Ռուսաստանի միգրացիոն պետական քաղաքականության կոնցեպցիայի իրագործման շրջանակներում մինչեւ 2025 թ. նախատեսված միջոցառումների ծրագրի մեջ:
Ռուսերեն լեզվի քննությունից բացի ներգաղթյալները պետք է պարտադիր կերպով ռուսաց պատմության եւ ՌԴ օրենսդրության հիմունքների իմացության քննություն անցնեն, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:
Միգրացիոն քաղաքականության ծրագիրը մասնավորապես նախատեսում է Ռուսաստանում աշխատել ցանկացող օտարերկյա քաղաքցիների կողմից ռուսաց լեզվի պարտադիր իմացություն: Բացի այդ օտարերկրացիները աշխատանքի իրավունք կստանան միայն բուժզննում անցնելուց հետո:
Ինչպես փոխանցում է պարբերականը, ներգաղթյալների հարցը շարունակում է լուրջ խնդիր մնալ ՌԴ-ում: Մի կողմից տնտեսագետները հաշվում են, թե որտեղ եւ որքան են անհրաժեշտ ոչ շատ թանկ օտարերկրյա աշխատող ձեռքերը, մյուս կողմից մարդիկ իրենց հարմարավետ չեն զգում «հյուրերի» մեծ քանակությունից, որոնց մեծ մասը ռուսերեն գրեթե չի խոսում:




























