Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն այսօր` օգոստոսի 24-ին բողոքի հերթական ակցիան են անցկացրել Գլխավոր դատախազության շենքի առջեւ:
ՀԱԿ ակտիվիստները պահանջել են օրեր առաջ ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի անհապաղ ազատ արձակումը: Ակցիայի մասնակիցները նաեւ անցորդներին թռուցիկներ են բաժանել, որտեղ գրված էր. « «2011թ-ի օգոստոսի 9-ին այս երիտասարդները ապօրինաբար տարվել են ոստիկանություն, բռնության ենթարկվել, եւ այժմ դատապարտվել են ազատազրկման՝ դատախազության կողմից սարքված շինծու մեղադրանքներով»:
Ակցիային մասնակցել են նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ:
ՀԱԿ ակտիվիստները վերահաստատել են, որ շարունակաբար` ամեն ուրբաթ հավաքվելու են դատախազության առջեւ:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ քրգործ հարուցել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով: Ակտիվիստների պնդմամբ, ոստիկաններն էլ դաժան ծեծի ենթարկել իրենց:
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա` Արտակ Կարապետյանին, եւ երկուական տարվա ` Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին:




























