Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է արդիականացնել երկրում միգրացիոն գործընթացների կառավարման համակարգը: Մասնավորապես, նա առաջարկել է աշխատանքային միգրանտների ու նարնց երեխաների համար պետական ադապտացիոն դասընթացների ցանց ստեղծել:

«Մենք արդեն միգրանտների թվով երկրորդն ենք` ԱՄՆ-ից հետո եւ, ինչպես մյուս երկրները, բախվում ենք ազգամիջյան լարվածության խնդրին: Ուստի դրական ներուժի իրացման համար  համակարգը պետք է արդիականացվի»,-ընդգծել է Պուտինը:

Նա ուշադրություն է դարձրել միգրանտների ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերին` նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ, ըստ նրա,  միգրանտները եւս պետք է պահպանեն  ռուսաստանյան օրենքներն ու միգրացիոն կանոնները: Նրանց ադապտացիայի հարցում, Պուտինի խոսքով, առանձնահատուկ դեր կարող են ունենալ ազգային համայնքները` ստանձնելով իրենց հայրենակիցների շեֆությունը: