Նոր մանրամասներ են ի հայտ եկել Նյու Յորքում Empire State Building երկնաքերի  մոտակայքում  տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ:

Մանհեթենի տարածքում կրակ բացած 53-ամյա Ջեֆրի Ջոնսոնի թիրախն իր պետն էր:  Կանանց իրերի վաճառքով զբաղվող «Hazan Imports» ընկերության  41-ամյա փոխնախագահը տեղում մահացել է: Նախկին գործընկերը նրա վրա կրակել էր  երեք անգամ, որոնցից վերջինը կպել է զոհի գլխին:

Ողբերգությունը տեղի է ունեցել ընկերության գրասենյակից ոչ շատ հեռու, որտեղ նախկինում աշխատում էր Ջոնսոնը: Ականատեսները նկատել  են, որ մարդասպանի եւ զոհի միջեւ  եղել է «անսովոր ատելություն» միմյանց նկատմամբ:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դեպքի առնչությամբ հայտարարության մեջ հայտնել է, որ խենթ հրաձգի մասին շատ քիչ տեղեկություն է հայտնի: Նա վերջերս է կորցրել աշխատանքը, իսկ նախկինում դատված չի եղել: Քաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է խստացնել զենքի ազատ վաճաքի մասին օրենքը, հայտնում է ՆՏՎ-ն:

Օգոստոսի 24-ին զինված տղամարդը կրակ է բացել Նյու Յորքում: Երկու մարդ մահացել է , այդ թվում ինքը ` հրաձիգը, կա 9 վիրավոր: Հայտնի է դարձել, որ վիրավորների մի մասը կարող էին վիրավորվել հենց ոստիկանների կրակոցից, ովքեր գնդակահարել են Ջոնսոնին: