Տարեսկզբից մինչեւ օգոստոսի 24-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են սիրիահայ 46 ընտանիքների 90 անդամներ: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնից, բոլոր դիմումները, բավարարվել են:

Նշենք, որ միայն վերջին մեկ ամսում ապաստան հայցել են սիրիահայերի 28 ընտանիքների 53 անդամներ:

Ըստ նույն աղբյուրի, կացարան տրամադրելու խնդրանքով բոլոր դիմումները ՄՊԾ-ի կողմից բավարարվել են, եւ, ըստ այդմ, կացարան տրամադրվել է դրա կարիքն ունեցող 21 ընտանիքների 51 անդամի: Սիրիահայերի մյուս մասը գերադասել է բնակվել հարազատների, բարեկամների բնակարաններում:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հայաստանում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք: