Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կկայանա հոկտեմբերի 1-5-ը Ստրասբուրգում: Իսկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգը կհաստատվի սեպտեմբերի 3-ից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, այս պահին դժվար է ասել Հայաստանին առնչվող ինչ-որ նախագծեր կլինեն, թե ոչ, բայց օրակարգում կա Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը, ինչի շուրջ, ըստ Նաիրա Զոհրաբյանի բուռն քննարկում կլինի: Հիշեցենք, որ դեռեւս հուլիսյան նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը հարց էր բարձրացրել պահանջելով ԵԽԽՎ-ից միջազգային փորձաքննության ենթարկել ադրբեջանական դասագրքերը, որոնք հայատյացության, ռասիզմի եւ այլատյացության «կարկառուն» օրինակներ են, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներին: Վերջինս խոստացել էր Մարդու իրավունքների հանձնակատարին ուղարկել նաեւ համապատասխան փաստաթղթեր, այդ դասագրքերից քաղվածքներ:
«2 օր առաջ ես այդ ամբողջ փաթեթը ուղարկել եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նոր հանձնակատարին եւ պահանջել որպես ԵԽԽՎ պատգամավոր, որ փորձաքննության ենթարկեն այդ դասագրքերը եւ ուղղակիոերն սանկցիաներ կիրառել ԵԽԽՎ անդամ երկրի` Ադրբեջանի նկատմամբ »,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա ներկայացրեց նաեւ ադրբեջանական դասագրքերից ուղարկված քաղվածքները: Օրինակ, 5-րդ դասարանի կենսաբանության դասագրքում հարց է տրվում, թե ո՞վ կարող է ասել մոտավոր քանի հաշմանդամներ կան, որոնք իրենց վերջույթները կորցրել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Կամ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 20-21 տարեկան ադրբեջանցիները, որպեսզի թշնամու ուշադրությունը շեղեն իրենց նետում էին բարձր զառիթափերից եւ չնայած ստացված բուժմանը նրանք հաշմանդամներ են: Մեկ այլ, օրինակ, նրանց ներքին վերջույթները չեն աշխատում` կարող եք բացատրել, թե ինչո՞ւ: Նույն կենսաբանության դասագրքում արյան շրջանառության բաժնում երեխաներին ահա այսպիսի մի կենսաբանական խնդիր է առաջարկվում. «1992թ-ին Ղարաբաղում ադրբեջանցիները հայերից փախչելով թաքնվում էին անտառներում, գյուղերում եւ հարցնում, թե մոտավորապես կարող են ասել, թե ինչքա՞ն էր հասնում այդ ժամանակ նրանց սրտի զարկերը եւ բացատրեք, թե ինչու»:
Նաիրա Զոհրաբյանը այդ օրինակներին կցվել է նաեւ ադրբեջանցի հասարակական գործիչ Մարիամ Գյունեշլիի եւ լրագրող Ուլքեր Իսմաիլ Գյուզի բաց նամակները հենց ադրբեջանական գրքերի վերաբերյալ: «Վերջիններս դեռեւս ավելի վաղ իրենց բաց նամակում բարձրաձայնել էին, որ իրենք սարսափում են իրենց երեխաների համար, քանզի իրենց երեխաները կրթվում են ատելության, սադիզմի, ատելություն քարոզող դասգրքերով եւ վախենում են, որ իրենց երեխաները կմեծանան Ռամիլ Սաֆարովներ»,- լրացրեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ պատգամավորը ակնկալում է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ի նստաշրջանը կստանա Մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանը: «Ամեն դեպքում հոկտեմբերյան նստաշրջանում կրկին այդ հարցը բարձրացնելու եմ, քանի որ նախատեսված է հանձնակատարի տարեկան զեկույցը, որից հետո նա պետք է պատասխանի ԵԽԽՎ պատգամավորների հարցերին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:




























