Վենետիկի ամենամյա միջազգային կինոփառատոնը այս տարի` 69-րդ անգամ կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Հիմնական մրցութային ժյուրին կգլխավորի կինոռեժիսոր Մայքլ Մանը: Կինոդիտումները կբացվեն Մերի Նաիրի «Ֆունդամենտալիստ` իր կամքից անկախ» հնդկական ֆիլմով: Փակման ֆիլմը կլինի Ժան Պիեռ Ամերիի «Մարդը, ով ծիծաղում է» ժապավենը:
Պաշտոնական մրցութային ծրագրի մեջ մտել են ժամանակակից կինոարտադրության մի շարք նշանավոր վարպետների աշխատանքներ, այդ թվում Բրայան դե Պալմայի, Տակեշի Կիտանոյի եւ Տերենս Մալիկի ֆիլմերը:
Կինոարտադրության ոլորտում նշանակալից ձեռքբերումների համար պատվավոր «Ոսկե առյուծ» կհանձնվի իտալացի ռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզիին:
Առաջին անգամ կինոփառատոնի տնօրեն է նշանակվել Հռոմի Կինոյի ազգային թանգարանի նախկին ղեկավար Ալբերտո Բարբերան:
Կինոփառատոնի այս տարվա գլխավոր նորությունն այն կլինի, որ փառատոնը հիմնական մրցույթից բացի կունենա նաեւ առցանց ցուցադրություն: «Orizzonti» ծրագրի շրջանակներում մի շարք ֆիլմեր կցուցադրվեն նաեւ ինտերնետի միջոցով, որոնք դիտելու համար հարկավոր է գրանցվել փառատոնի պաշտոնական կայքում: Առցանց դիտումը կարժենա 4,20 եվրո:
Վենետիկի կինոփառատոնը միջազգային կինոփառատոնների մեջ ամենահինն է եւ կինոշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:
Փառատոնը հիմնադրվել է 1932 թ-ին` իտալացի դիկտատոր Բենիտո Մուսսոլինի նախաձեռնությամբ: Նրա պատմության ընթացքը կտրվել է երկու անգամ` Երկրորդ աշխարհամարտի տարներին եւ 1960-ականների վերջին, սակայն կարճ ժամանակով: Այսօր Վենետիկի կինոփառատոնը կինոաշխարհին նորաձեւթյուն թելադրողներից մեկն է:
Գլխավոր մրցույթի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկվում են 7-9 մարդ, ովքեր կինոաշխարհի, արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչներ են:
Գլխավոր մրցանակը` «Ոսկե առյուծը» հանձնվում է լավագույն ֆիլմին: Նաեւ հանձնվում է «Արծաթե աոյուծ»` լավագույն ռեժիսորին. Վոլպիի գավաթ` տղամարդու եւ կնոջ լավագույն դերակատարներին, Մարչելո Մաստրոյանիի մրցանակ` լավագույն երիտասարդ դերասանին կամ դերասանուհուն: Osella մրցանակ` լավագույն սցենարի, օպերատորական աշխատանքի եւ տեխնիկական լուծումների համար: Ինչպես նաեւ գոյություն ունի ժյուրիի հատուկ մրցանակ, որը հանձնվում է կինոարտադրության մեջ նաշանակալից ներդրման համար:




























