Մյանմայում մոլեգնում է վերջին տարիների ամենաուժեղ ջրհեղեղը, որի պատճառով 85 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
Ինչպես հայտնում է AP-ն` վկայակոչելով տեղական իշխանություններին, մի քանի օր անընդմեջ տեղացող ուժեղ անձրեւները ջրի տակ են թողել երկրի հարավում գտնվող Իրավադի գետի դելտայի շրջանի մոտ հարյուր հազարավոր հա բրնձի դաշտեր:
Այն մարդկանց համար, ովքեր հեղեղների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները, իշխանությունները հիմնականում դպրոցներում եւ մենաստաններում 219 ժամանակավոր կենտրոններ են ստեղծել:
2008 թ-ին Իրավադա գետի դելտայի շրջանի խիտ բնակեցված շրջանները մեծապես տուժել են «Նարգիս» արեւադարձային ցիկլոնից: ՄԱԿ-ի տվյալներով, ցիկլոնի զոհ են դարձել 138 հազար մարդ, տուժել են Մյանմայի 2,4 միլիոն բնակիչ: «Նարգիս» ցիկլոնի հասցված վնասը կազմել է 4 միլիարդ դոլար:




























