Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն օգոստոսին հրապարակել է  աղքատության եւ պարենային ապահովության վերաբերյալ զեկույցը` ընթացիկ տարվա հունվար-հունիսի կտրվածքով: Փաստաթղթում կան նաեւ տվյալներ  2011թ-ըստ եկամուտների բնակչության դասակարգման վերաբերյալ:

Սակայն խնդիրն այն է, որ հարցվածների ցուցակում բացակայում են հանրության  առավել ապահովված շետերի ներկայացուցիչները: Այսինքն, ընտրությունն ընդգրկում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող տնային տնտեսություններին:

Սկզբում դիտարկենք դեցիլային` բնակչության ընդհանուր թվի 10%-ի ցուցանիշները «ամենաաղքատների» խմբում: Նրանց թիվը կազմում է մոտ 325 հազ. մարդ: Եւ ահա գրեթե  այդքան մարդ անցած տարի  ունեցել է ամսական շնչի հաշվով   6530  դրամ եկամուտ: Այս խմբին հաջորդող մյուս խմբում շնչին ընկնող միջին եկամուտը կազմում է կրկնակի ավելի` 12242 դրամ ամսական:

Հարց է ծագում, թե  ինչի հաշվին է ձեւավորվում ամենաաղքատ խմբի «եկամուտը»: Պատասխանը կարելի է տեսնել ստորեւ ներկայացվող գծապատկերում:

Շատ աղքատների համար աշխատավարձն էական դեր չի կարող ունենալ, քանի որ այն չկա: Եկամուտների կառուցվածքից ելնելով` կարելի է որոշել, թե  ովքեր են ամենաաղքատ խմբի ներկայացուցիչները: Դրանք հիմնականում թոշակառուներն ու գործազուրկներն են` իրենց ընտանիքներով, ինչպես նաեւ ցածր եկամուտներով «պրոլետարիատը»:

Հետճգնաժամային շրջանում «ամենաաղքատ» խմբի վիճակը նկատելի վատացել է: 2008-2011 թթ. ընթացքում այս խմբի եկամուտներն աճել են 25%-ով, իսկ  գներն ու սակագներն աճել են 43%-ով: Այսինքն, աղքատների իրական գնողունակությունը  նվազել է 13%-ով:

«Ամենհարուստների» խմբի եկամուտների կառուցվածքում 59% -ը կազմում է աշխատավարձը:  Հարցվածների այս կոնտինգենտի  մեջ են հիմնականում բարձր վճարվող մասնագետները, առեւտրային ընկերությունների ղեկավար կազմը, հնարավոր է նաեւ միջին եւ բարձր օղակների չինովնիկները:

«Հարուստների» եկամուտներում համեմատաբար բարձր է տրանսֆերտների տեսակարար կշիռը (19%): Տրանսֆերտների բացարձակ գումարով եւս առաջատարները «հարուստներն» են: «Հարուստներին» միջինը շնչին ընկնող տարնսֆերտները ամսական կազմում են 311 դրամ ամսական, իսկ ահա «ամենահարուստներինը»`  17,7 հազ. դրամից ավելի:

Այստեղից գալիս ենք հետաքրքիր եզրահանգման. 2008 -2011 հատվածում  հասարակության տարբեր բեւեռներում գտնվող խմբերի եկամուտներն ավելացել են գրեթե հավասարաչափ:  «Ամենահարուստների» մոտ դրանք ավելացել են  25%-ով, «ամենաաղքատների» մոտ`  24%-ով: Այսինքն, գնաճը վատացրել է հանրության բոլոր շերտերի ֆինանսական վիճակը:

Սակայն,  բացարձակ աճի ցուցանիշով հարուստները փոքր-ինչ առաջ են անցել աղքատներից: Վերը նշված շրջանում «ամենահարուստների» ամենամսյա միջին եկամուտն աճել է 18,7 հազ. դրամով, իսկ «ամենաղքատների» մոտ այդ ցուցանիշը  1,3 հազ. դրամից պակաս է:

Այսպիսով, խմբերի միջեւ եկամուտների տարբերությունը խորացել է: Կրկին ընդգծում ենք, որ հարցվածների մեջ իրական հարուստներն ընդգրկված չեն: Ուստի կարելի է վստահաբար ենթադրել, որ իրականում մեր հասարակության բեւեռացման աստիճանն ավելի բարձր է, քան երեւում է պաշտոնական վիճակագրությունից: