Ճապոնիայի ափերին է մոտենում վերջին հիսուն տարիներին արձանագրված ամենահզոր թայֆունը, որին արդեն անվանակոչել են «Բոլավեն»: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ էպիկենտրոնում թայֆունի արագությունը հասնում է վայրկյանում 70 մետրի: Սա 1956թ-ից ի վեր գրանցված խաղաղօվկիանոսյան արեւադարձային փոթորիկներից առավելագույն ցուցանիշն է: Ներկայումս թայֆունը գտվում է Օկինավա կղզուց հարավ, սակայն նրա ուղղությունը դեպի հյուսիս-արեւմուտք է: Փորձագետները նշում են, որ փոթորիկը Օկինավային կհասնի օգոստոսի 26-ին, ինչի կապակցությամբ բնակիչներին խորհուրդ է տրվել տներից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ լեռնային վայրերում ապրողներին զգուշացրել են սողանքների եւ հեղեղների մասին:

Թայֆունը Ռուսաստանի տարածքին կհասնի օգոստոսի 27-29-ին:

Նշենք, որ այս տարի «Բոլավենը» խաղաղօվկիանոսյան ավազանում գոյացած արդեն 15-րդ արեւադարձային փոթորիկն է: