Սիրիայում իրադարձությունների զարգացման համատեքստում Թուրքիայի ներգրավումն այդ գործընթացներում նրա համար աշխարհաքաղաքական սխալ էր: Այս մասին NEWS.am-ին ասաց  ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիայի ներգրավումը սիրիական գործընթացում այդ երկրի համար վերածվեց արագ զարգացող քրդական գործոնի, որն արտահայտվում է  արտաքին եւ ներքին ճնշումներով»,-ասաց թուրքագետը:

Նրա խոսքով` տեղեկություններ են ստացվում, որ Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների մեծ մասը քրդեր են. «Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվում կարգուկանոնը պահպանել տարածաշրջանում, որտեղ սիրիացի փախստակներն են, եւ այդ առումով Թուրքիան իր համար «գլխացավանք» է ստեղծել, ընդ որում` հենց իր տարածքում: Սա Թուրքիայի համար խնդիր է, որը ժամանակի հետ կխորանա»:

Ինչ վերաբերում է  Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկին,  ապա մինչ սիրիական գործընթացի ակտիվացումը Թուրքիան նման առաջարկով հանդես եկել էր` այդ պատճառաբանությամբ Սիրիայի որոշ մասն օկուպացնելու համար: Սակայն այս անգամ այդ առաջարկը դիտարկվում է նաեւ որպես քրդական գործոնի դեմ պայքարի միջոց: