Ավստրալիայում քաղաքական ապաստան հայցող մի խումբ անձինք հացադուլ են հայտարարել՝ բողոքելով Ավստրալիայի կառավարության՝ իրենց Նաուրու կղզի արտաքսելու որոշման դեմ: Ավստրալիայի կառավարությունը որոշել է, մինչեւ նրանց դիմումները քննելն ու պատասխան տալը, ապաստան հայցողներին ուղարկել նշված գաճաճ-պետութուն:

Հացադուլին դիմած մարդիկ մտահոգ են, որ Նաուրույում ստիպված են լինելու տարիներով սպասել Ավստրալիայի կառավարության որոշմանը: Նշենք, որ Ավստրալիայի խորհրդարանը վերջերս հավանություն է տվել Պապուա-Նոր Գվինեայում եւ Նաուրույում միգրացիոն գրասենյակներ բացելու ծրագրին, որպեսզի կանխի Ավստրալիա թեթեւ նավակներով լողացող միգրանտների հոսքը: Նախկինում նման կենտրոններ գործել են, սակայն փակվել էին նախկին վարչապետ Քեւին Ռուդդի որոշմամբ:

Տեղեկացնենք, որ Նաուրուն գաճաճ-պետություն է: Այն աշխարհի ամենափոքր անկախ հանրապետությունն է, աշխարհի ամենափոքր կղզի-պետությունն է, եւ ամենափոքր երկիրն է Եվրոպայից դուրս: Նաուրուն նաեւ աշխարհի միակ պետությունն է, որ պաշտոնապես մայրաքաղաք չունի: Տարածքը 21,3 քառակուսի կիլոմետր է: