Սիրիայում ճգնաժամը օտարերկրյա մանրամասն ծրագրված դավադրության հետեւանք է, կարծում է նախագահ Բաշար Ասադը: Ըստ նրա` Սիրիայի ժողովուրդը պետք է խանգարի այդ ծրագրի իրականացմանը: Այդ հայտարարությունը Սիրիայի նախագահն արել է Դամասկոսում Իրանի պաշտոնական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Ասադը նշել է, որ օտար ուժերը փորձում են անկայունացնել իրավիճակն ամբողջ տարածաշրջանում, իսկ Սիրիան դրա անկյունաքարն է:
«Հենց այդ պատճառով էլ արտաքին ուժերն իրենց ջանքերն ուղղորդել են Սիրիայի դեմ, քանի որ դա թույլ կտա իրականացնել նրանց ծրագրերն ամբողջ տարածաշրջանում», - հայտարարել է Ասադը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Սիրիայի նախագահն օգոստոսի 26-ին հանդիպել է իրանական մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալահէդդին Բորուջերդիի հետ: Էմիսարը Սիրիայի ղեկավարությանն է ներկայացրել Սիրիայում խնդրի կայունացման ծրագիր: Իրանն այդ ծրագիրը կներկայացնի իրանական մայրաքաղաքում կիրակի օրը կայանալիք գագաթաժողովում:



























