Հարավկորեական Samsung Electronics ընկերության բաժնետոմսերը սեուլյան բորսայում աճուրդի առաջին ժամերին արժեզրկվել են 7% -ով` Apple-ի դեմ պատենտային պատերազմում պարտվելու պատճառով: Դա 2008 թվականից հետո Samsung-ի ամենամեծ արժեզրկումն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Քալիֆորնիայի դաշնային դատարանը վճռել էր, որ Samsung-ը խախտել էր Apple ընկերության մի շարք պատենտներ եւ պարտավորեցրել էր հարավկորեական ընկերությանը վճարել 1,05 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Դատարանը նաեւ որոշել էր, որ Samsung-ը միտումնավոր է իր սարքերի դիզայնը պատճենել iPhone-ից եւ iPad-ից:
Samsung-ի նեկայացուցիչները հայտարարել են, որ դատարանի որոշումը կանդրադառնա ոչ միայն հարավկորեական ընկերության, այլեւ ամերիկյան սպառողի վրա:
Փորձագետները նշում են, որ դատարանի որոշումը բարեհաջող ելք է Apple ընկերության համար: Այն հիմք է ստեղծում, որն ապագայում Apple -ին թույլ կտա դատի տալ Android կիրառող բջջային սարքերի այլ արտադրողների, հայտնում է rbc-ն:
Ավելի վաղ Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը երկու ընկերություններին էլ մեղավոր էր ճանաչել պատենտների խախտման մեջ` նրանց արգելելով վաճառել մի շարք սարքեր, այդ թվում iPhone 3GS, iPhone 4 (Apple) եւ Galaxy 2 (Samsung) սմարթֆոնը:



























