Տրիպոլիում Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի Բաբ էլ Ազիզիա թաղամասի նստավայրի տեղում մեծ զբոսայգի կհիմնվի: Այդ մասին հաղորդել է երկրի վարչապետ Աբդել Ռահիմ ալ Քիբը:
Իշխանությունների որոշման համաձայն` երբեմնի խիստ վերահսկվող տարածքը կհատկացվի մի շարք շինությունների կառուցման համար, այդ թվում` գրադարանի եւ թատրոնի: Այնտեղ վեր կխոյանա նաեւ «լիբիական հեղափոխության նահատակների հուշարձանը»:
Համալիրի տարածքում Քադաֆիի օրոք եղել են զորանոցներ, որոնք կառուցվել են դեռեւս 1960-ականներին բրիտանացի ռազմական ինժեներների կողմից, ինչպես նաեւ կառավարական շենքեր եւ Ջամահիրիայի առաջնորդի անձնական նստավայրը, որը ներառում էր նաեւ նրա բեդվինի հայտնի վրանը, հայտնում է NEWSru.com-ը:
Նախորդ տարվա ամռանը` Տրիպոլիի վրա ապստամբների հարձակման ժամանակ, Բաբ էլ Ազիզիան ՆԱՏՕ-ի ուժերի օդային հարվածների հետեւանքով վերածվել էր ավերակների:
Ավելի ուշ Քադաֆիի նստավայրը զավթել էին ապստամբները` հափշտակելով գնդապետի բազմաթիվ անձնական իրեր:




























