Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն անհանգստացած է «հասարակական կարծիք ձեւավորելու նպատակով սոցիալական կայքերում տեղեկատվական հաղորդագրությունների զանգվածային տարածման» խնդրով: Գերատեսչությունը դրա հետ կապված պատվիրել է այդ ոլորտի դիտարկման մեթոդիկա: Հունվար-փետրվար ամիսներին 30 միլիոն ռուբլի արժողությամբ 3 փակ մրցույթ է հայտարարվել առաջադրված խնդիրների իրագործման համար, հայտնում է «Կոմերսանտ» թերթը:
Թերթը նշում է, որ բլոգոսֆերան սկզբում դիտարկման կենթարկի «Դիսպուտ» համակարգը: Այն պետք է զբաղվի սոցկայքերում տեղեկատվության տարածմամբ, ինչպես նաեւ պետք է որոշի այն գործոնները, որոնք ազդում են տեղեկատվության տարածման մեխանիզմների վրա: Հավաքված տվյալները փորձաքննության կենթարկի «Մոնիտոր-3» համակարգը: Ստացված տվյալների հիման վրա սոցցանցերում անհրաժեշտ տեղեկատվությունը կներդնի «Շտորմ-12» համակարգը:
3 մրցույթների պատվերների իրագործողն է «Ինտերանետ» ընկերությունը:
Ըստ «Կոմերսանտի»` մրցույթի հայտարարությունը տեղադրած զորամասը արտաքին հետախուզության ծառայության կազմում է: Հետախուզական գերատեսչությունում թերթի հարցումն արհամարհել են:
Թերթը նաեւ նշում է, որ արդյունքները պատրաստ լինելուց հետո մեխանիզմը կկիրառվի ոչ միայն ռուսական, այլեւ արտաքին լսարանի վրա ազդելու համար:
Ինչպես նշում է «Ռոսբալտը», ԿՀՎ-ում վաղուց գոյություն ունի հատուկ ստորաբաժանոմ, որը վերահսկում է ամբողջ աշխարհի սոցկայքերը: Այն զբաղվում է սոցկայքերում գրառումների դիտարկմամբ: Հաշվետվություններն ամենօրյա աշխատակարգով ներկայացվում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:



























