Եվրոպական եւ ամերիկյան դիտորդներին խորհուրդ է տրվում խուսափել կեղծ վարկանիշներից, քանի որ ժողովուրդը չի հանդուրժի խաբեություն: Այս մասին հայտնել է Վրաստանի «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդներից մեկը` Պաատա Ջիբլաձեն, հայտնում է «Գրուզիա օն-լայնը»:

Ընդդիմադիրի խոսքով, կեղծ վարկանիշների հրապաակումը համընդհանուր դիմադրության կհանգեցնի: «Ցանկանում ենք զգուշացնել Սահակաշվիլիի-Իվանիշվիլի ամերիկյան եւ եվրոպական լոբբիստներին: Պարոնայք, աստված չտա, որ Վրաստանում դեպքերը սիրիական սցենարի նմանությամբ զարգանան: Եվ դուք ստիպված կլինեք մեզ մոտ ուղարկել ռազմական դիտորդների»,-ասել է Ջիբլաձեն:

Նշենք, որ Վրաստանում օրերս հրապարակվել են սոցիոլոգիական հարցման արդյունքերը, որոնց համաձայն կայանալիք խորհրդարանական ընտրություններում  կառավարող կուսակցության` Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային միասնական շարժման» համար նպատակ ունեն քվեարկել հարցվածների 55 տոկոսը: Միլիարդեր Բիձինա Իվանիշվիլիի  «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիային աջակցել է հարցվածների 33 տոկոսը: 5 տոկոսը նպատակ ունի իր ձայն տալ  քրիստոնեա-դեմոկրատական շարժմանը, մնացածը քաղաքական ուժերը խորհրդարան չեն մտնում:

Հարցումների արդյունքները առաջ է բերել  Վրաստանի  ողջ ընդդիմադիր դաշտի դժգոհությունը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, հրապարակված տվյալները ամբողջովին չեն ներկայացնում Վրաստանում տիրող նախընտրական գործընթացները, որոնց ընթացքում  «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիում, ինչը հաստատվել է սոցիոլոգների կողմից., այլ նաեւ այլ խոշոր քաղաքներում` Քութաիսիում, Ռուսթավիում, Բաթումիում: Հետեւաբար կառավարող կուսակցության առաջատարության մասին հայտարարությունը  լուրջ կասկածների տեղիք է տվել:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 1-ին: