Վերջին 12 տարում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ: Այդ մասին այսօր` օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Այդ հրդեհների մոտ կեսը տեղի է ունեցել վերջին 3 տարում, մասնավորապես` 2010 թ.` 810 հա, 2011 թ.` 470 հա, 2012 թ. առաջին կիսամյակում` 188 հա:

Ըստ Ռ. Պետրոսյանի` անտառային հրդեհների մեծ մասը հետեւանք են մարդկային գործոնի. գյուղացիները միտումնավոր հրդեհում են չհնձած խոտը` հաջորդ տարի ավելի լավ խոտածածկ ունենալու ակնկալիքով: Սակայն այդ հրդեհներն այնուհետ տարածվում են անտառներում: Թեեւ անցյալ տարի կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որով արգելվում է հրդեհել անտառածածկ տարածքները, սակայն, ըստ Ռ. Պետրոսյանի, պատժաչափերը հստակ չեն սահմանված: Մինչ այսօր անտառ հրդեհելու մեղադրանք առաջադրվել է միայն լոռեցի մի չոբանի, որին տուգանել են 93 մլն դրամով:

Ընդհանուր առմամբ, 2003 թ. տվյալներով, Հայաստանն ունի 332.3 հազ. հա անտառներ, 1993 թ. 334.1 հազ. հա-ի համեմատ: Ռ. Պետրոսյանի տեղեկացմամբ` անտառների որակն ընկել է` նոսրացման պատճառով: