Աֆղանական հարավային Հելմանդ նահանգում թալիբները գլխատել են ժողովրդական երաժշտության համերգի 17 մասնակիցների:

Տեղի իրավապահ կառույցների տվյալներով` դեպքը տեղի է ունեցել Մուսա Քալա վարչական շրջանի Ռոուշանաբադ շրջանում` մահմեդական Իդ ալ Ֆիթր տոնի ավարտի ընթացքում: Երաժիշտների վրա հարձակվել են զինված գրոհայիններ եւ դանակներով կտրել նրանցից 17-ի գլուխները, այդ թվում` երկու կանանց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Պավժակ» գործակալությանը:

Քաղաքացիական պաշտոնյաները պնդում են, որ թալիբները հաշվեհարդար են տեսել երաժիշտների հետ կառավարության հետ համագործակցության համար: Ոստիկաններն էլ կարծում են, որ   զոհերը հատուցել են այն բանի համար, որ համերգին մասնակցել են կանայք:  Թալիբների կառավարման ընթացքում  (1996-2001 թթ.) Աֆղանստանում երաժշտությունն արգելված է եղել, իսկ կանանց արգելված է եղել փողոցում հայտնվել նույնիսկ  չադրայով` առանց տղամարդ ազգականի ուղեկցության: