Օգոստոսի 24-ին ավարտվել է Կոտայքի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 24-ից 29-ը:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Կոտայքի 67 համայնքներից 65-ում: Այդ թվում երեք քաղաքային համայնքներում` Աբովյանում, Ծաղկաձորում եւ Եղվարդում, նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ:

Աբովյան քաղաքում առաջադրված են 4 թեկնածուներ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ինքնաառաջադրված ԲՀԿ անդամ Կարապետ Իսրայելյանը, անկուսակցականներ Արտաշես Մեհրաբյանը եւ Անդրանիկ Պետրոսյանը: Նշենք, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, իսկ Կարապետ Իսրայելյանը` Աբովյանի նախկին քաղաքապետը:

Ծաղկաձորում եւս առաջադրված է 4 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Արթուր Հարությունյանը, ինքնաառաջադրված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովիկ Հակոբյանը, անկուսակցականներ Արմեն Թադեւոսյանը եւ Էդգար Հովհաննիսյանը:

Եղվարդում առաջադրված է երկու թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Նորայր Սարգսյանը եւ ինքնաառաջադրված Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Վարդան Մուրադխանյանը:

Նշենք, որ համայնքի ղեկավարը եւ ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք: