Իսրայելացի նյարդաֆիզիկոսները պարզել են, որ մարդիկ ի վիճակի են տեղեկատվությունը հիշել քնած ժամանակ: Նրանք որոշ կամավորների սովորեցրել են ասոցացնել հաճելի եւ տհաճ հոտերի փնջերը հնչյունային որոշակի ազդանշանների հետ: Արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում:
Ռեհովոթ քաղաքի Վայցմանի անվան գիտությունների ինստիտուտի նյարդաֆիզիկոսների խումբը Անաթ Արզիի (Anat Arzi) գլխավորությամբ առանձնացրել է 28 մարդու, որոնք խոր քուն են մտնում:
Քանի դեռ նրանք քնած են եղել, գիտնականները մի քանի ձայնային ազդանշաններ են միացրել` յուրաքանչյուր ազդանշանից հետո կամավորների քթին մոտեցնելով փայտիկներ` հաճելի կամ տհաճ հոտերով:
Փորձի յուրաքանչյուր փուլում գիտնականները հետեւել են ուղեղի աշխատանքին հատուկ սարքի միջոցով:
Ըստ Արզիի` կամավորների ուղեղն աշխատել է նոր գրգռիչների հայտնվելուց հետո: Նրանց մարմիններն ինքնուրույն արձագանքել են հոտերին, քնածները նվազեցրել են շնչառությունը տհաճ հոտերի ժամանակ եւ հակառակը, սկսել են հոտոտել դուրեկան հոտերի դեպքում, հայտնում է «gazeta.ru»-ն:
Հաջորդ օրը գիտնականները ստուգել են կամավորների հիշողությունը` միայն ձայնային նշված ազդանշանները կիրառելով: Նրանք պնդում են, որ ձայնային ազդանշանները նույն արձագանքն են առաջացրել, որը որ փորձի ընթացքում առաջացրել էին դրանց հաջորդող հոտերը: Այդպիսով, կենսաբաններին հաջողվել է ապացուցել, որ մարդն ի վիճակի է նոր տեղեկատվությունը հիշել քնած ժամանակ:
«Այժմ, հասկանալով, որ հնարավոր է նոր տեղեկատվության ուսուցումը քնած ժամանակ, մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչքան հեռուն են ձգվում դրա հնարավորությունները, այսինքն` թե ինչ կարելի է հիշել քնի ժամանակ, իսկ ինչը` ոչ», - ասում է Արզին:




























